ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլին։ Կողմերը քննարկել են Վենեսուելան, Իրանը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Երկու առաջնորդները քննարկել են գլոբալ հրատապ մարտահրավերներ, այդ թվում՝ մատակարարման շղթաների անվտանգությունը, ապահովելը, որ Վենեսուելան այլևս չկարողանա լինել աշխարհում մեր հակառակորդների գործունեության կենտրոն, և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերի առաջխաղացումը: Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Վադեֆուլը վերահաստատել են Իրանին միջուկային զենք մշակելու կամ ձեռք բերելու կարողությունից զրկելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խորացնելու ԱՄՆ-Գերմանիա գործընկերությունն «այս կարևորագույն առաջնահերթությունների շրջանակներում»:
Այցից առաջ Վադեֆուլը հայտնել էր, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ կհասցեագրի Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև առկա տարակարծությունները երկխոսության միջոցով։



