ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նոյեմբերի 10-ին հանդիպում են անցկացրել Փարիզում և քննարկել խաղաղության ջանքերն ու պաշտպանական համագործակցությունը։ Այս մասին X-ում գրառման մեջ նշել է Ռուբիոն։
«Արդյունավետ հանդիպում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Քննարկեցինք ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու շուրջ ընթացող բանակցությունները, էներգետիկ կայունությունը և պաշտպանական ոլորտում համագործակցությունը», - նշված է գրառման մեջ։
Ռուբիոյի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է կենտրոնացած մնալ կայուն և տևական խաղաղության հաստատման վրա։
Իր հերթին, Անդրեյ Սիբիհան X-ում գրառման մեջ նշել է, որ Ռուբիոյի հետ զրույցի առանցքում էին ԱՄՆ-ի նախաձեռնած խաղաղարար ջանքերը, իրավիճակը մարտի դաշտում և միջազգային զարգացումները։
«Մենք պետք է օգտագործենք դիվանագիտության և լարվածության թուլացման յուրաքանչյուր հնարավորություն։ Ուկրաինան շնորհակալ է Միացյալ Նահանգներին իր ներգրավվածության համար, և մասնավորապես՝ առաջին տիկին Մելանյա Թրամփին Օլեշկիում հաջող մարդասիրական գործողության միջոցով փրկված կյանքերի համար», - նշել է նա գրառման մեջ։
Սիբիհայի խոսքով՝ նաև քննարկվել է Սև ծովի հարցը և գլոբալ պարենային անվտանգության ապահովման նպատակով այնտեղ նավագնացության ազատության վերականգնման անհրաժեշտությունը։
«Ուկրաինան պատրաստ է Միացյալ Նահանգների հետ զարգացնել փոխշահավետ համագործակցություն անվտանգության և տնտեսության ոլորտներում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության և տնտեսական հեռանկարային նախագծերի շուրջ», - հավելել է նա։
Սիբիհան կրկին պետքարտուղարին հրավիրել է այցելել Ուկրաինա։
Հանդիպումը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու դիվանագիտական շփումների ակտիվացման ֆոնին։
Փարիզում բանակցություններին զուգահեռ ուշադրությունը կենտրոնացած է Աբու Դաբիում մեկնարկած բանակցությունների վրա։



