
Ընդդիմադիրների մի մեծ հատված բռնությունը արդարացնում է հետևյալ ձևով, ասելով, որ դե մենք կողմ չենք բռնությանը, բայց վեհ նպատակներ ենք ունեցել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Դա շատ սխալ ճանապարհ է, որովհետև բոլորն էլ վեհ նպատակներ ունեն, որոնք կարող են իրարից տարբերվել։ Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, որ մենք որոշենք, օրինակ, որ հանուն մեր վեհ նպատակների ընդիմադիրներին պետք է վերացնել։ Դա վատ ճանապարհ է, որը տանում է քաոս։ Ցանկացածը իր ունեցած վեհ նպատակի հիման վրա կարող է դիմել բռնության, իսկ դա ճանապարհը դեպի քաոս։
Դուք ասում եք, բայց իրենք մարդ վերացնելու նպատակ չեն ունեցել, շատ լավ, խնդրում եմ բացատրեք, ո՞նց է հնարավոր ասել, որ երկու հոգու պետք է գյուլլել և դա մեկնաբանել որպես ինչ-որ մեկին վերացնելու նպատակ չունենալ:
Ասենք թե, ճիշտ են ասում, որ կոնտեքստից կտրած է, խնդրում եմ ինձ բացատրեք, ո՞նց է հնարավոր կոնտեքստից կտրել ինչ-որ մեկին գյուլլելու ցանկությունը։ ճիշտ է չէ՞, որ Վազգեն Գալստյանը ասել է՝ երկու հոգու գուլլում ես, մի 15 հոգու կոխում ես բանտ, ընտանիքներին տալիս ես կոմպենսացիա ու վերջացավ, խնդրում եմ ինձ բացատրել, ո՞նց է սա հնարավոր կոնտեքստից կտրել»,–ասաց նա։
Լրագրողները մեջբերեցին տարիներ առաջ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքը. «պետք է դիմահար կրակով ոչնչացնեին, հենց բարձացավ մայթի վրա, կվիրավորվեր, թե կզոհվեր՝ կարեւոր չէ»։
Ռուբինյանն արձագանքեց. Այդտեղ խոսքը «Բրաբուսի» վարորդի մասին է, որը չէր երթարկվում ոստիկանության հորդորներին կանգնելու, փողոցներում քշում էր, կարող էր մարդ սպանել։ Այո, երբ ոստիկանության օրինական պահանջին ինչ–որ մեկը չի ենթարկվում ու դա զուգորդվում է հանրային անվտանգությանը սպառնացող վտանգով, ինչ ասես՝ կարող են անել։ Ձեր բերած օրինակը ընդհանրապես կապ չուներ իմ ասածի հետ»։
Ինչ վերաբերում է նրան, որ 2016–ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սասնա ծռերի գործողությունն ինքը ահաբեկչություն չի որակում, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Էլի սխալ եք մեջբերում, Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ ես դեմ եմ, որ իշխանությունը, այն ժամանակվա իշխանությունը, Սասնա ծռներին որակում է որպես ուղղակի ահաբեկիչներ։ Ու շարունակում է, ասում է, որ իրենք չեն հասկանում, որ սա արտահայտում է նաև երկրում տիրող իրավիճակի և ուղղակի ասել իրենք ահաբեկիչներ են և քննարկում չծավալել ընդհանրապես հանրային դաշտում առկա քննարկումների վերաբերյալ, սխալ է։ Ինչ վերաբերում է Սասնա Ծռերի գործողությանը, մենք դա երբեք չենք արդարացրել։ Եթե հիշում եք 2016 թվականին, երբ որ այդ գործողությունը տեղի ունենում է, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ–ն այնտեղ կոչ է արել մարդկանց չդիմել որևէ բռնության, ասել է, որ պետք է լինի բաց ձեռքերի պայքար։ Հետո Սասնա Ծռերը, երբ որ չհամաձայնվեցին մեր ասած տրամաբանությանը, մենք ուղղակի հեռացանք»։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այսօր ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավորների խուլիգանական պահվածքը, Ռուբինյանը պատասխանեց. «Ես ձեզ մի խնդրանք ունեմ էլի, դուք որակումներ մի տվեք։ Ես ձեր լրատվամիջոցների ղեկավարներին, տերերին, ձեր մոտ որակումներ չեմ տալիս, խնդրում եմ դուք էլ որակումներ մի տվեք։ Ձեր գործը հարց տալն է և հարցի պատասխան ստանալը։
Ոչ, խուլիգանություն չեմ որակում։ Իրականում տեղի է ունեցել հետևյալը, ես ձեզ հիշեցնում եմ, որ մենք հիմա դեռ շարունակում ենք քննարկումը։ Քննարկում ենք գլխավոր դատախազի միջնորդությունը, Արթուր Սարգսյան անունով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, համաձայնություն տալու վերաբերյալ։ Նա անցնում է մի գործով, որում պարզվել է, որ մեր մի շարք գործընկերներ և ոչ գործընկերներ պլանավորել են իրականացնել խուլիգանություն։ Եթե նայել եք այդ ձայնագրությունը, այդ ձայնագրությունների մեջ իրենցից մեկն ասում է՝ դե խուլիգանություն պիտի անենք։
Այս համատեքստում ահաբեկչության մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը ԱԺ ամբիոնից վիրավորական արտահայտություններ է անում, հետո հրաժարվում է պատասխանել հարցերին, հեռանում է։ Այդտեղից իրավիճակը լարվում է։ Վահե Ղալումյանը չի գնացել և հարվածել Արթուր Սարգսյանին։ Դռանը մոտեցավ ոչ միայն Վահե Ղալումյանը, այլեւ ընդդիմադիր պատգամավորները, ինչին ի պատասխան դռանը մոտեցան նաև իշխանական պատգամավորները և սկսեց լարումը։
Եթե նկատեցիք ես ընդվիչում հայտարարեցի անմիջապես անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեցի, հարթեցի։ Հետո այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի տղայի օգնականը մոտեցավ և վիրավորեց Հակոբ Արշակյանին, արդեն դահլիճից դուրս»,–ասաց նա։
Երբ լրագրողները նշեցին, որ ռուբեն ռուբինյանի խորհրդականն ու վարորդն իրենց անվայել են պահել ԱԺ–ում, մտել են դահլիճ, Ռուբինյանն ասաց. «Նախ իմ օգնականը հղի է և դեկրետի մեջ է, Արման Բախուդարյանը իմ խորհրդականն է, երկրորդը իմ վարորդը ընդհանրապես շենքում չի, երրորդը իմ խորհրդականը կանգնած է եղել Հակոբ Արշակյանի կողքին, երբ որ Ռոբերտ Քոչարյանի որդու օգնականը վիրավորել է Հակոբ Արշակյանին, դրան ի պատասխան իմ խորհրդականը կարգի է հրավիրել վերջինիս, ոչ ոքի չի հարվածել։
Ի դեպ «Հրապարակ» անունով թերթոնը գրել էր, որ իմ խորհրդականը ծեծել է...»։
Այս խոսքերից հետո լրագրողները սկսեցին հակադարձել Ռուբինյանին, և թույլ չէին տալիս նրան շարունակել։
Լրագրողները նշեցին, որ եթե պետք է շարունակի թիրախավորել լրատվամիջոցներին, ավելի լավ է հեռանա, որից հետո Ռուբինյանը հեռացավ։