
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված: Հայտնում է Արցախի կառավարությունը։
Քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:
Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և արդեն նաև՝ գազամատակարարումից:
Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: