Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության հիման վրա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների տնօրեններին, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ հանձնարարական է տրվել սահմանել խիստ հսկողություն և խստագույնս հետևողական լինել անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցող անտառախախտումների արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Յուրաքանչյուր արձանագրված դեպքի մասով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դեպքի վայրի, ծավալների և պահպանություն իրականացնող պատասխանատու անձի վերաբերյալ: Իրավախախտողին չհայտնաբերելու դեպքում պատճառի վերաբերյալ ներկայացնել մանրամասն բացատրություն:
Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով բնության անխաթարության պահպանումը։