Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի գործով վկա է

Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի գործով վկա է: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ նիստին ասաց հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը` ներակայացնելով գործով հետազոտման ենթակա փաստերը։

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը վերաբերում է նրա՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն:

Ըստ  մեղադրանքի՝  Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է իր մտերիմներին, ենթականերին, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը:

Հիշեցնենք, որ հողատարածներն օտարելու ժամանակ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։