Ռեկորդային թվով դեմոկրատներ կողմ են քվեարկել...

ԱՄՆ Կոնգրեսի Սենատում Դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամների ավելի քան կեսը առաջին անգամ կողմ է քվեարկել մի բանաձևի, որը նախատեսում է դադարեցնել Իսրայելին ամերիկյան զենքի մատակարարումը՝ Գազայի հատվածում շարունակվող հակամարտության պատճառով։ Այս փաստը շրջադարձային պահ է, որը վկայում է «Կոնգրեսում Իսրայելին ցուցաբերվող պատմականորեն ձևավորված երկկուսակցական աջակցության քայքայման մասին»՝ կապված անկլավում մարտական գործողությունների հարցի հետ, նշում է ամերիկյան The Hill թերթը

Կոնգրեսի վերին պալատի քննարկմանը ներկայացված բանաձևը մշակել է անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, ով մասնակցում է Դեմոկրատական կուսակցության խմբակցության աշխատանքներին։ Քվեարկության արդյունքներով նա նշել է, որ բանաձևին կողմ է քվեարկել 27 դեմոկրատ սենատոր, դեմ՝ 17-ը։ «Իրավիճակը փոխվում է։ Ամերիկայի ժողովուրդը չի ցանկանում միլիարդներ ծախսել Գազայի երեխաներին սովամահ անելու համար։ Դեմոկրատները առաջ են շարժվում և ես մոտ ապագայում հույս ունեմ ստանալ հանրապետականների աջակցությանը», - քվեարկությունից հետո հայտարարել է Սանդերսը։

Հանրապետական կուսակցության բոլոր սենատորները դեմ են քվեարկել բանաձևին, ինչի պատճառով այն չի ընդունվել։ Սանդերսը երրորդ անգամ է առաջադրել իր բանաձևի նախագիծը, որը ենթադրում է Իսրայելին 675 միլիոն դոլարի սպառազինությունների մատակարարման դադարեցում՝ Գազայի հումանիտար ճգնաժամի պատճառով։ Նախորդ քվեարկություններում՝ 2025 թվականի ապրիլին և 2024 թվականի նոյեմբերին, Սանդերսի բանաձևին կողմ է քվեարկել՝ համապատասխանաբար 15 և 19 դեմոկրատ սենատոր։

Բանաձևին կողմ քվեարկած Դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամները նշել են, որ իրենք դեմ չեն Իսրայել պետությանը, այլ դեմ են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությանը։ «Որպես Իսրայելի վաղեմի ընկեր և կողմնակից, ես կողմ եմ քվեարկում՝ հասկացնելու համար, որ Նեթանյահուի կառավարությունը չի կարող շարունակել այս քաղաքականությունը։ Նեթանյահուն ամեն անգամ երկարացնում է այս պատերազմը՝ իշխանության ղեկին մնալու համար», - հայտարարել է դեմոկրատ սենատոր Փեթի Մյուրեյը, որը առաջին անգամ է աջակցել սպառազինությունների մատակարարումների սահմանափակմանը և զբաղեցնում է Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։

Ինչպես ցույց է տվել հուլիսի սկզբին անցկացված ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայության հարցումը՝ այժմ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների միայն 8%-ն է աջակցում Գազայի հատվածում Իսրայելի ղեկավարության և զինվորականների գործողություններին։ 2024 թվականի սեպտեմբերին անցկացված նախորդ հարցման շրջանակներում դեմոկրատների 24%-ը աջակցել է Իսրայելին՝ անկլավում մարտական գործողությունների հարցում։

Մայիսի 18-ին իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում «Գիդեոնի մարտակառքերը» լայնածավալ ցամաքային գործողության շրջանակում մարտական գործողություններ սկսելու մասին։ Դրա նպատակն է հայտարարվել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջնական ջախջախումը և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Նեթանյահուն հայտարարել է հատվածի ողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու պլանների մասին։