Երեկ Գելափ Ինթերնեշնլը հրապարակեց իր կողմից իրականացված հարցման արդյունքները։ Ըստ հարցման արդյուննքերի սեպտեմբերի 13-ին սկսված բախումների մասով հայաստանցիների 10 տոկոսն է դրական գնահատում Ռուսաստանի արձագանքը և 28 տոկոսը ԱՄՆ արձագանքն է դրական գնահատում։ Հարցվածների 38 տոկոսը Ռուսաստանի արձագանքը ընդհանրապես բացասական էր գնահատել, իսկ ԱՄՆ արձագանքի դեպքում ընդամենը 14 տոկսն էին բացասական գնահատել արձագանքը։
Այս հարցումները ըստ էության հանրության գնահատականն է Ռուսաստան և ԱՄՆ-ի կողմից ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված քարոզչական աշխատանքի, Ռուսաստանի և ԱՄՆ շահերը Հայաստանում պրոպագանդող գործիչների աշխատանքի գնահատականն է։ Փափուկ ուժի տեսանկյունցի ակնհայտ է Հայաստանի քաղաքացիների շրջանում Ռուսաստանի տոտալ պարտությունը։ Հակառակ պարագայում ինչպես կարելի է հասկանալ քաղաքացիների այս վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ու մեր երկրի տնտեսական խնդիրներից մինչև ռազմաքաղաքաակն խնդիրներ մեծմասամբ լուծվում են հենց այդ պետության հաշվին։ Ռուսաստանն է, որ մեր բանակի զենքի հիմնական մատակարարն է, ռուս խաղաղապահներն են Արցախում և ռուս սահմանապահներն են պահում հայ-թուրքական սահմանը, Ռուսաստան է գնում Հայաստանում արտադրվող ապրանքների 90 տոկոսը։
Ռուսաստանի այս պարտությունը հասկանալի է, քանի որ Հայաստանում այդ երկրի իմիջի բարձրացմամբ են զբաղվում մարդիկ, որոնք իրենք իմիջի խնդիր ունեն հանրության շրջանում։ Հայաստանում Ռուսաստանի փափուկ ուժի դրոշակակիրը «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանն է։ Այս մարդը Ռուսաստանի հետ միանալու գաղափարի համար մի քանի անգամ հանրահավքներ է հրավիրել, որին լավագույն դեպքում մասնակցել են երկու-երեք տասնյակ ծանոթ-բարեկամներ։ Ու քանի դեռ Ռուսաստանի դեսպանատան հենարանը այս մարդն է ու իր նմանները՝ վստահաբար կարելի է ասել, որ այդ երկրի գործերը դեռ վատանալու են մեր երկրում։ Հայաստանում ամենամեծ հակառուսական քարոզչությունը անում են, ոչ թե սորոսականները, արևմուտքի գործակալները, այլ հենց Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների այս քարոզիչները, որոնք իրականում իրենց գործունեությամբ այդ գաղափարի հակաքարոզով են զբաղված։ Եթե այսպես շարունակվի, ապա մի օր Մոզամբիկն ավելի բարձր վարկանիշ կունենա հայաստանցիների շրջանում, քան մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը։