ԱՄՆ-ի երկու ափերին փոթորիկները խաթարել են Գոհաբանության օրվա ծրագրերն ու դժվարացրել տոնական ուղևորությունները, հաղորդում է NBC News-ը։
Անբարենպաստ եղանակի պատճառով արդեն հետաձգվել է Նյու Յորքում անցկացվող Macy’s-ի ամենամյա շքերթը․ հինգշաբթի օրվա փոխարեն այն տեղի կունենա շաբաթ օրը։ Նյու Յորք նահանգում նաև արտակարգ դրություն է հայտարարվել։
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում չեղարկվել է երկրից մեկնող, երկիր ժամանող և ներքին ավելի քան 350 չվերթ։ Եվս ավելի քան 400 չվերթ հետաձգվել է։ Օդային փոխադրումների առումով տարվա ամենածանրաբեռնված օրերից մեկի նախօրեին ուշացումներ են գրանցվել ավելի քան 6000 չվերթի դեպքում։
Արևելյան ափին հզոր փոթորիկ է ձևավորվում, որն այսօր երկրի հարավ-արևելքում և ամբողջ Արևելյան ափի երկայնքով հորդառատ անձրևներ, պոռթկուն քամի և ափամերձ զգալի ջրհեղեղներ կբերի։
Անբարենպաստ եղանակի ազդեցությունը կտարածվի դեպի արևմուտք՝ մինչև Միսիսիպի գետի միջին հոսանքի հովիտը։ Այնտեղ առնվազն մինչև ուրբաթ առավոտ ձյան տեղումներ են սպասվում։ Իլինոյս և Միսուրի նահանգներում կանխատեսվում է չափելի ձնածածկույթի ձևավորում։
Մինչդեռ արևմտյան ափին շարունակվում են այսպես կոչված արքայական մակընթացությունները՝ հատկապես բարձր մակընթացություններ, որոնք առաջանում են լուսնային ցիկլի որոշակի փուլերում։ Ափամերձ ջրհեղեղների մասին նախազգուշացումները գործում են ընդարձակ տարածքում՝ Հարավային Կալիֆոռնիայից և Սան Ֆրանցիսկոյի շրջանից մինչև Օրեգոնի և Վաշինգտոն նահանգի ափերը։
Անբարենպաստ եղանակը դժվարացնում է տեղաշարժը երկրում Գոհաբանության օրվա տոնակատարությունների շրջանում, երբ միլիոնավոր ամերիկացիներ ճանապարհ են ընկնում՝ տոնն ընտանիքի և ընկերների հետ անցկացնելու համար։



