Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման կարգը և ժամկետները, ինչպես նաև արգելափակման ենթակա կայքերի ցանկի վարման, հաստատման և պետական մարմիններին ու այլ կազմակերպություններին հասանելիության տրամադրման կարգը։
Ըստ հիմնավորման՝ խաղային գործունեության թվայնացման և առցանց հարթակների տարածման պայմաններում աճել են այն դեպքերը, երբ ՀՀ տարածքում հասանելի են դառնում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքեր։ Նման հարթակների գործունեությունը խոչընդոտում է խաղային գործունեության ոլորտում պետական կարգավորման նպատակների իրագործմանը, նվազեցնում է վերահսկողության արդյունավետությունը և կարող է հանգեցնել օրենքով սահմանված պահանջների շրջանցման։
Որոշման ընդունմամբ՝ կստեղծվեն կազմակերպական և ընթացակարգային անհրաժեշտ հիմքեր՝ ՀՀ տարածքում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի նկատմամբ վերահսկողության իրականացման, օրենքով նախատեսված սահմանափակումների կիրառման, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով։ Արդյունքում կապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպիչների համար հավասար մրցակցային պայմանների ձևավորումը, ինչպես նաև խաղային ծառայություններից օգտվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը։



