ՌԴ-ում հունիսի 1-ից գործարկվելու է ապրանքների...

Ռուսաստանի Դաշնությունում հունիսի 1-ից գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը։ Այս մասին հիշեցնում են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից, ընդգծելով, որ նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։

Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։

ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝

• ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը,

• ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից՝ ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,

• ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,

• փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,

• բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։

Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել՝

• ապրանքի անվանումը,

• քանակը և արժեքը,

• ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,

• հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,

• փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը,

• ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով։