Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վլադիմիր Ուխալովը 11 ամիս 10 օր անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ Վ․ Ուխալովի նկատմամբ ՌԴ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ առաջադրելով մեղադրանքներ, որոնք, Կազմակերպության գնահատմամբ, հիմնված են եղել մտացածին ապացույցների վրա։ Նա հրապարակայնորեն արտահայտել էր իր դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիայի և հակամարդկային քաղաքականության վերաբերյալ, ինչից հետո ենթարկվել էր անհիմն քրեական հետապնդման։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս ընդգծել է, որ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության պետությունում քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով, որոնց նկատմամբ իրենց պետությունում կան քաղաքական նպատակներով հարուցված ապօրինի քրեական գործեր, միաժամանակ կա իրական վտանգ և սպառնալիք, որ իրենց պետություն ետ վերադառնալու դեպքում կենթարկվեն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, անմարդկային և մարդկային արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ արտադատական մահապատժի, ապա ՀՀ-ն՝ հանձին համապատասխան իրավասու մարմինների, պարտավո՛ր է ձեռնպահ մնալ այդ անձանց պահանջող երկրին հանձնելու/արտահանձնելու գործընթացի կազմակերպումից։ Ավելին, նման մարդկանց նկատմամբ չպետք է իրականացվի իրավական որևէ գործընթաց՝ ձերբակալում, կալանավորում ՌԴ իրավապահների կողմից հարուցված անհիմն, ապօրինի քրեական հետապնդումների հիման վրա։
Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով Սահմանադրությամբ, ներպետական օրենսդրությամբ և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններով, պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի անձանց արտահանձնելուց այն երկրներին, որտեղ առկա են հիմնավոր կասկածներ, որ նրանք կարող են ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կայացված՝ Վ․ Ուխալովի արտահանձնումը թույլատրելու մասին որոշումը Կազմակերպության փաստաբանի կողմից բողոքարկվել է դատական կարգով։
ՀՀ վարչական դատավարության կարգով վիճարկվում է նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ փախստականի կարգավիճակ չտրամադրելու մասին որոշումը։



