ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից կ...

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման մասին:

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին եւ 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տիպի քվադրոկոպտերների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերին: Տուժածներ չկան:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն»:

Հիշեցնենք, որ, ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ, այսօր՝ ժամը 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը: