ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը լիագումար նիստում առաջարկել է ստեղծել միջխմբակցային աշխատանքային խումբ մահապատժի հնարավորությունը եւ միգրացիոն քաղաքականությունն ուսումնասիրելու համար։ Այս մասին տեղեկացրել է «Аргументы и факты» պարբերականը։
Պեռդումայի խոսնակի խոսքով՝ այդ խմբում կլինեն բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ պրոֆիլային կոմիտեների ղեկավարները։ Աշխատանքային խումբը ղեկավարելու համար Վոլոդինն առաջարկել է Պետդումայի փոխնախագահ Իրինա Յարովայային։
«Մենք պետք է ուսումնասիրենք օրենսդրության ողջ սպեկտրը, որը կապ ունի այսօրվա մարտահրավերների հետ»,- նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։
Մահապատժի մորատորիումը չեղարկելու առաջարկներն սկսել են ավելի ակտիվորեն հնչել «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո, որը տեղի է ունեցել մարտի 22-ին։ Վերջին տվյալներով՝ահաբեկչության զոհ է դարձել 139 մարդ։



