ՌԴ Պետդումայում առաջարկել են կազմել Երևանի հա...

«Հայաստանի ղեկավարության հակառուսական որոշումների մասին տեղեկությունները պետք է ներառվեն հատուկ ռեեստրում, որպեսզի յուրաքանչյուր քայլի համար հնարավոր լինի մշակել առանձին պատասխան միջոցներ»․ այս առաջարկով հանդես է եկել ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԼԴՊՌ խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Լուգովոյը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ է ստեղծել պաշտոնական ռեեստր՝ հայկական ուղղության հետ կապված հակառուսական որոշումների, գործողությունների և նախագծերի վերաբերյալ։ Յուրաքանչյուր որոշում պետք է ունենա իր գինն ու հետևանքները՝ քվեարկություն, արտաքին ռազմական կառույցների հետ համաձայնագրեր, ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ խտրականություն, ռուսերենի դուրսմղում, դաշնակցային պարտավորություններից հրաժարում, պատժամիջոցային նախաձեռնությունների աջակցություն»,- ասել է Լուգովոյը «Հայաստանը առանց Ռուսաստանի և Ռուսաստանը առանց Հայաստանի․ պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» կլոր սեղանի ընթացքում։

Նա նշել է, որ նման ռեեստրի ստեղծումը թույլ կտա անցնել էմոցիոնալ արձագանքներից դեպի «կանխատեսելի քաղաքականություն»։ «Կոնկրետ գործողությունների համար պետք է լինի կոնկրետ միջոց»,- ընդգծել է պատգամավորը։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքը՝ հանրապետության Եվրամիություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դա չի նշանակելու ԵՄ-ին անդամակցության գործընթացի ավտոմատ մեկնարկ, քանի որ հարցը պետք է դրվի հանրաքվեի։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությամբ՝ Ռուսաստանը այս քայլերը դիտարկում է որպես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ։ Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցությունը անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ։