ՌԴ Պետդուման որոշել է դիմել ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին լրագրող Թաքեր Կառլսոնի հայտարարությունը հետաքննելու պահանջով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Պետդուման ուղերձ կհղի ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ պահանջելով հետաքննել Թաքեր Կառլսոնի հայտարարությունը Բայդենի վարչակազմի կողմից Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին», - նշված է հաղորդագրության մեջ։
Ուղերձով դիմելու նախաձեռնությանն աջակցել են Պետդումայի բոլոր խմբակցությունները։
Թեմային անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչ նկատի ուներ Կառլսոնը, երբ ասել է այդ մասին: Նա ոչ մի ապացույց չի բերել, ուստի ես չեմ կարող մեկնաբանել նրա ասածը, որովհետև պարզ չէ, թե նա ինչ է նկատի ունեցել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Կառլսոնն իր գործընկեր Մեթ Թայբիի հետ զրույցում պնդել էր, որ ԱՄՆ իշխանությունները Բայդենի նախագահության օրոք փորձել են սպանել Պուտինին։ Նա կատարվածն անվանել է «ուղղակի խելագարություն»: Նրա խոսքով՝ Բայդենի օրոք պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Էնթոնի Բլինքենն իր պաշտոնավարման վերջին երկու ամիսներին «ամեն ինչ արել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմն արագացնելու համար»: