Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հանգեցնի ճգնաժամի արմատական պատճառների վերացման, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսաստանը բաց է մնում կարգավորման համար, բայց դա պետք է հանգեցնի այս հակամարտության արմատական պատճառների վերացման», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը համարում է, որ այժմ հակամարտության խաղաղ կարգավորման լավագույն ժամանակն է՝ հաշվի առնելով, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդում է առաջնագծում տարած հաղթանակների մասին, Կիևում կոռուպցիոն սկանդալ է բռնկվել, և ձմեռը մոտենում է։
Պեսկովը հավելել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու համար «ցանկացած պահ լավագույնն է»։
Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են շփումները, սակայն չի կարելի ասել, որ Ուկրաինայի հարցով լիարժեք խորհրդակցությունների գործընթաց է ընթանում։
«Խորհրդակցություններ որպես այդպիսին ներկայում չեն ընթանում։ Շփումներ, անշուշտ, տեղի են ունենում։ Բայց մի գործընթաց, որը կարելի է անվանել խորհրդակցություններ, ոչ, այն չի ընթանում», - նշել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին նաև հարց են ուղղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև 28 կետից բաղկացած համատեղ ծրագրի առկայության վերաբերյալ, որի մասին հրապարակումներ են անում արևմտյան լրատվամիջոցները։
«Ոչ, այս հարցի վերաբերյալ կարող եմ ասել միայն այն, ինչ մենք երեկ մի քանի անգամ կրկնել ենք։ Մենք Անքորիջում ասվածին ավելացնելու ոչինչ չունենք։ Այս առումով մենք նոր զարգացումներ չունենք», - ասել է Պեսկովը։
Արևմտյան տարբեր ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը 28 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի համաձայն Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքների տրամադրման դիմաց: Ըստ լրատվամիջոցների աղբյուրների՝ Վաշինգտոնը, ի թիվս այլ զիջումների, Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։



