Ռուսաստանի Դաշնությունում որոշում են ընդունել մերժել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ագրեմաններն իբրև ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Այս մասին 24News-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։
Մամուլում վերջին շրջանում տեղեկություններ էին հայտնվել առ այն, որ իշխանությունները մտադիր են փոխել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել Գուրգեն Արսենյանին։ Ռուսական կողմը, սակայն, ագրեմանները մերժելու որոշում կայացնելուց, ըստ ամենայնի, հաշվի է առել Արսենյանի հակառուսական մի շարք հայտարարությունները խորհրդարանում։ Մասնավորապես, Մոսկվայում տարօրինակ են համարել Երևանի ցանկությունը դեսպան ուղարկել մարդու, որը հայտարարել էր, թե «Ռուսաստանի ղեկավարությունը խանգարում է Հայաստանին ամրացնել երկրի անվտանգությունը»։
Ի դեպ, ինքը՝ Արսենյանը, վերջին շրջանում աշխատում էր աչքի չընկնել հակառուսական հայտարարություններով ու, թերևս, դա է պատճառը, որը չմասնակցեց Հռոմի ստատուտի քվեարկությանը։
24News-ը կապ է հաստատել նաև Գուրգեն Արսենյանի հետ, ով չի հերքել, որ իր թեկնածությունը դիտարկվում է իբրև դեսպան, բայց մերժման մասին հարցին ի պատասխան՝ կոպիտ տոնով ընդհատել է ու ասել՝ «մերժումը տեսե՞լ ես, որ հարցնում ես»։ Լրատվամիջոցի դիտարկմանը, որ հավաստի աղբյուրների փոխանցմամբ են տեղեկանում, որ ագրեմանները մերժել են՝ Արսենյանը պատասխանել է. «Վերջացավ, ձեր աղբյուրները ձեզ բան են ասել, իրենցից էլ ճշտեք, հաջողություն»: