ՌԴ-ն դարձել է առաջին երկիրը, որ ճանաչել է Աֆղ...

Ռուսաստանը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որ պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը. այսպիսի անուն է երկրին տվել «Թալիբան» շարժումը 2021 թվականին իշխանության գալուց հետո։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ՌԴ արտգործնախարարությունը հաստատել է այս տեղեկությունը։

Աշխարհի ոչ մի այլ երկիր դեռևս պաշտոնապես չի ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունը Աֆղանստանում։

Կրեմլի որոշման մասին հայտնի դառնալուց կարճ ժամանակ անց Մոսկվայում Աֆղանստանի դեսպանատան աշխատակիցները դուրս են եկել շենքի պատշգամբ և բարձրացրել Աֆղանստանի Իսլամական Էմիրության դրոշը, հաղորդում է գործակալությունը։

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ հուլիսի 3-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Աֆղանստանի Իսլամական Էմիրության նորանշանակ դեսպան Գյուլ Հասանի հավատարմագրերի պատճենները։