Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության, տրանսպորտի նախարարության, էներգետիկայի նախարարության և մաքսային ծառայությունների ղեկավարները մոտ ապագայում կհանդիպեն՝ քննարկելու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի շինարարության ընթացքը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Մոտ ապագայում մենք նախատեսում ենք եռակողմ հանդիպում անցկացնել՝ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, տրանսպորտի, էներգետիկայի նախարարների և մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ այս նախագծի իրականացման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2025 թվականի մարտը։
2023 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երթուղու համատեղ շինարարության մասին։ Նախագծի իրականացման համար Մոսկվան Թեհրանին տրամադրում է 1,3 մլրդ եվրոյի միջպետական վարկ, մինչդեռ շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 1,6 մլրդ եվրո։ Ակնկալվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք)-Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը կկառուցվի Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։