
Սանկտ Պետերբուրգի բնակիչը դիմել է դատարան՝ պահանջելով Միացյալ Նահանգներից որպես փոխհատուցում գանձել 95,000 դոլար՝ պատասխանող երկրի դեսպանատան կողմից վիզայի երկարաձգման գործընթացը ձգձգելու և դրա հետևանքով հայցվորի՝ Ջորջիա նահանգում գտնվող ընկերության սնանկացման պատճառով կրած վնասների համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է քաղաքային դատարանների մամուլի միասնական ծառայության ղեկավար Դարիա Լեբեդևան։
«Իլյա Միխայլովը խնդրում է ԱՄՆ-ից գանձել 95,000 դոլար կամ 8,509,378 ռուսական ռուբլի: Գործի նյութերը փոխանցվել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի դատավորին»,- գրել է Լեբեդևան Telegram-ի ալիքում։
Հայցվորը նշել է, որ 2016 թվականին Ջորջիայում տրանսպորտային ընկերություն է հիմնել։ Դրա համար նա ներկայացրել է բոլոր անհրաժեշտ ծանուցումները, բացել է հաշիվներ, ստացել է վիզա, որը գործում էր մինչև 2017 թվականի հուլիսը և ստեղծված իրավաբանական անձի հաշվեհամարին փոխանցել 95,000 դոլար։ 2016-2019 թվականները Միխայլովի ընկերությունը երկու անգամ միջնորդություններ է ներկայացրել նրա աշխատանքային վիզան երկարաձգելու համար և երկու անգամ ստացել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության հավանությունը։ 2019 թվականի մայիսին կրկին միջնորդություն է ներկայացվել, և Միխայլովի աշխատանքի թույլտվությունը երկարացվել է մինչև 2021 թվականը։
«2019 թվականի սեպտեմբերին Միխայլովը դիմել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն՝ վիզան երկարաձգելու համար: Սակայն գործընթացը ձգձգվել է, պատասխան չի եղել, բազմաթիվ հարցումներին դեսպանատնից պատասխանել են՝ «Սպասե՛ք»։ 2019 թվականի դեկտեմբերի վերջին հայցվորին վերադարձրել են անձնագիրն առանց մուտքի արտոնագրի: Ամբողջ 2020 թվականի ընթացքում Միխայլովը շարունակել է դիմել դեսպանատուն և, նրա կարծիքով, նրանից անհիմն պահանջվել է վճարել 500 դոլարի antifraud («հակախարդախություն»)։ Իլյան վճարել է. արդյունքում վիզան տրվել է միայն 2020 թվականի նոյեմբերին:
Հայցվորը պնդում է, որ դեսպանատան կողմից վիզայի երկարաձգման բյուրոկրատական ձգձգումը՝ փաստաթղթի ձևակերպումը տևել է 441 օր, հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ում իր ընկերությունն այդ ընթացքում սնանկացել է, և դրա հիման վրա պահանջում է փոխհատուցել իրեն պատճառված վնասը։