Պաշտոնական Մոսկվան Կուբայի ջրերում ամերիկյան դրոշի ներքո նավարկող մոտորանավով տեղի ունեցած միջադեպը համարում է ագրեսիվ սադրանք Վաշինգտոնի կողմից։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Սա Միացյալ Նահանգների կողմից ագրեսիվ սադրանք է, որի նպատակն է սրել իրավիճակը և պայթեցնել հակամարտությունը», - ասել է Զախարովան։
Կուբայի Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գրանցված նավակը մտել է երկրի ջրային տարածք։ Նավի վրա գտնվողները կրակ են բացել մոտեցող կուբացի սահմանապահների վրա, որոնք էլ իրենց հերթին պատասխանել են կրակին։ Նախարարության տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ հարձակվողներից չորսը սպանվել են, վեցը՝ վիրավորվել։ Վիրավորվել է նաև կուբայական սահմանապահ պարեկային խմբի հրամանատարը։ ՆԳՆ-ն հայտարարել է նաև, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգից դուրս եկած նավի վրա գտնվող խումբը բաղկացած էր կառավարության դեմ հանդես եկող կուբացիներից, որոնցից մի քանիսը նախկինում հետախուզվում էին ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ իրենք որևէ առնչություն չունեն կատարվածի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ամերիկյան կողմը ուսումնասիրում է միջադեպը՝ պարզելու տեղի ունեցածը։



