ՌԴ ԱԳՆ աձագանքը «Լավրովի պլանի» և «ԼՂ-ն հանձն...

ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել են ԼՂ հարցում «Լավրովի պլանի» վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ձևակերպումներին՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչը երևակայության մեջ է։

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը, հիշատակելով «լավրովյան պլանի» մասին, «Ղարաբաղի հանձնումը» կապել է Ռուսաստանի հետ։

«Նշված զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակ, հարգարժան Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության մեջ տարածված մտքերին», ըստ որոնց «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է․ «Եթե (Հայաստանում) որևէ մեկը պատրաստվեր որևէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար, ներառյալ Լավրովի պլանը»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,-լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Դժվար է մեկնաբանել այն, ինչը գոյություն չունի իրականում, այլ գոյություն ունի երևակայության մեջ։ Այդպիսի մտացածին իրողություններից է նաև «Լավրովի պլանը»»,- նշել են նախարարությունում։

Գերատեսչությունում հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնելու» մասին, քանի որ խոսքը ԼՂ հակամարտության փուլային լուծման մասին է եղել։ Նաև հիշեցրել են, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հակամարտության կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը կողմերին փոխանցել են 2019 թվականի հունիսին։

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, «նախատեսվում էր Ադրբեջանին առաջին փուլում վերադարձնել 5, երկրորդում՝ 2 շրջան՝ ԼՂ կարգավիճակի հստակեցման խնդրի հետ պարտադիր փոխկապակցմամբ»։

 «Ծրագրի մյուս կետերից են սեփական բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման՝ ԼՂ իրավունքի ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի՝ ուժ չկիրառելու վերաբերյալ պարտավորության ստանձնումը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցի լուծումը՝ Ադրբեջանին Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձը հաշվի առնելով»,- հիշեցրել են ՌԴ արտգործնախարարությունում։

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչև 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետևյալը․ ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցում կողմերի միջև համաձայնեցված ժամկետում՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական հանրաքվեի միջոցով՝ արտացոլող ԼՂ բնակչության ազատ կամարտահայտումը, կրող իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան»,- հավելել են ՌԴ ԱԳ նախարարությունում։

«Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները որևէ կերպով չպետք է սահմանափակվեին, իսկ ընդունված ցանկացած արդյունք կողմերը պարտավոր էին հարգել։ Թեպետ նշված առաջարկների շուրջ ամբողջական համաձայնության հասնել չէր հաջողվել, սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը դրանք չեն մերժել»,- ասել են գերատեսչությունում։

«Փաստերը խոսուն են․ խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում՝ ոչ ՌԴ մեղքով»,- նկատել են նախարարությունում և հավելել․

«Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկները այժմյան իրավիճակի հետ և հետևություններ արեք»։ 

«ՌԴ ԱԳՆ-ն միշտ է հարգանքով վերաբերվել այլ երկրների հասարակական կարծիքին, անգամ եթե դրա հետ համաձայն չի եղել։ Դա կրկնակի ճիշտ մոտեցում է, եթե խոսքը մեր դաշնակիցների ու բարեկամների մասին է, որոնց շարքում է նաև Հայաստանը»,- ասել են ՌԴ ԱԳ նախարարությունում և հավելել են, որ ցանկացած հասարակությունում կարծիքներն ու գնահատականները տարբեր են լինում, իսկ մեդիատիրույթում երբեմն շրջանառվում են կանխակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են։

«Խորը ափսոսանք է առաջացնում այն հանգամանքը, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանին չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» «մտքերը», այլ, ըստ էության, համերաշխություն են հայտնում նման անհիմն դատողություններին»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

«ՌԴ բոլոր ջանքերը, ներառյալ՝  44-օրյա պատերազմը դադարեցնելուն նպաստելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու դրանց իրականացումը, ամեն ինչ ասում են»,- նշել են նախարարությունում։

«Ռուսաստանը չափազանց շահագրգռված է օգնելու հայերին ու ադրբեջանցիներին՝ թերթելու իրենց հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստելու խաղաղության ու կայունության ապահովմանը, բարգավաճմանը՝ Հարավային Կովկասում»,- եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։