Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Օրյոլի մարզում ձերբակալել են մի բնակչի, որը ցանկանում էր կռվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնել են հատուկ ծառայության հանրային կապերի կենտրոնից։
Ըստ ԱԴԾ-ի՝ տղամարդը, լինելով «ուկրաինամետ հայացքների կողմնակից», ակտիվորեն «հաստատել և կապ է պահպանել ահաբեկչական ճանաչված ուկրաինական ռազմական միավորման ներկայացուցիչների հետ», հայտնում է РБК-ն։
Նա դիմել է Ուկրաինայի Անվտանգության ծառայություն, Պետական սահմանային ծառայություն, Պետական միգրացիոն ծառայություն և արտաքին գործերի նախարարություն, որտեղից պարզաբանումներ է ստացել երկրից դուրս գալու ընթացակարգի վերաբերյալ, ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հանցանքի նախապատրաստման հոդվածով։
Ըստ OrelTimes-ի՝ ձերբակալվածը Օրյոլի 39-ամյա բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Ազիզ օղլու Դամիրովն է։ Նա ծրագրում էր Թուրքիայի տարածքով հասնել Ուկրաինա։
«Ես ինձ երբեք չեմ համարել ռուսական հասարակության, նրա ժողովրդի մի մասը, չեմ կիսել նրա հայացքները՝ ո՛չ պատմական, ո՛չ քաղաքական, ո՛չ մշակութային։ Բնակության ողջ ընթացքում զգացել եմ միայն բացասական վերաբերմունք, արհամարհանք, այլատյացություն, ատելություն և նախանձ բնիկ բնակչության կողմից»,- գրել է ձերբակալվածը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու իր դիմումում։