Ռազմական ի՞նչ անակնկալների մասին խոսեց Դավիթ...

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝  ի պատասխան այն հարցին, թե նոր սպառազինություններ ձեռք բերելու մասով ի՞նչ ծրագրեր կան, հայտնեց, որ ռազմական անակնկալներ լինելու են, մինչդեռ չմանրամասնեց, թե ինչ սպառազինությունների մասին է խոսքը:

Այս կապակցությամբ Politik.am-ը ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ի՞նչ հնարավոր սպառազինության մասին է խոսել նախարարը՝  հաշվի առնելով նաև այն առաջնահերթությունները, որոնց կարիքը կարող են ունենալ ՀՀ զինված ուժերը:

Մեկնաբանությունները բազմաթիվ են, քանի որ ենթադրությունների դաշտում ենք, և դժվար է հստակ որևէ բան կանխատեսել՝  ասաց փորձագետը: Ըստ նրա, հնարավոր է՝  վարկային միջոցների հաշվին նոր զինատեխնիկա գնվի, սակայն հավանական և ավելի էժան տարեբերակը եղածների արդիկանացումն է: 

«Կարելի է շատ պայմանականորեն խոսել, օրինակ՝ Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակում  հրթիռային համակարգերի հեռավորության, անօդաչու սարքերի, մի շարք տեղեկատվական համակարգերին խնդիր կար: Այդ ուղղությամբ արդեն բազմաթիվ քայլեր արվել են, և հիմա կարող է խոսքը զարգացման տենդենցների մասին լինել: Այս պահին զինված ուժերի տեխնիկայի զարգացման և արդիականացման խնդիր ունենք, որը գնալով սրվելու է:

Կարելի է նաև մեկ այլ ուղղություն դիտարկել՝ զինված ուժերի մոբիլության հետ կապված՝  բեռնափոխադրող մեքենաների, զրահամանեքեաների խնդիրները մասնավորեցնելով: Եթե ուշադիր լինենք, վերջին շրջանում մի շարք վթարներ եղան, ինչը վկայում է այն մասին, որ արդիկանացման խնդիր ունենք»,- ասաց Դավիթ Հարությունովը:

Նա հավելեց, որ այս համատեքստում կարելի է  չբացառել այն, որ կարող է ռուսական կողմի հետ համատեղ շարունակվել ինքնաթիռների գնման գործընթացն ու ուղղաթիռների գման գործընթաց սկսել.

«Զինված ուժերի օդային տարրին մեծ ուշադրություն չի դարձվել, հիմա այդ խնդիր դրվել է, և ուղղաթիռներին մասին խոսելը տրամաբանական է»,- նկատեց փորձագետը: