Ռազմագերիները նախընտրական շրջանում կարող են վ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ բավական ուշագրավ հայտարարություն արեց, ասելով, որ Ադրբեջանը որոշակի ազդեցություն ունեցել է Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության իրականացման վրա։ Իհարկե, այստեղ ինչ որ լրտեսական ինտրիգներ փնտրելու կարիք չկա, որովհետեւ հասկանալի է, խոսքը Հայաստանին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկկողմանի շրջափակման ենթարկելու, ռեգիոնալ նախագծերից դուրս թողնելու եւ ռեգիոնալ մեկուսացման ենթարկելու մասին է՝ հնարավոր բոլոր ձեւերով, որն իր հերթին բերել է սոցիալական ֆոնի մռայլացման, դժգոհության գեներացման, որը եւ պոռթկաց 2018-ին։

Սակայն նույնիսկ այս դեպքում նախընտրական կյանքի պատրաստվող Հայաստանի համար հայտարարությունը չափազանց լուրջ է եւ անհանգստացնող, այն առումով, որ եթե մի անգամ ազդեցության որոշակի լծակներ, որոշակի գործիքակազմ կիրառվել է, ապա ինչ երաշխիք որ երկրորդ անգամ չի գործադրվի, ու քանի որ Փաշինյանի իշխանությունը թուրք –ադրբեջանական տանդեմի համար «մուրազ» է, ապա այս անգամ հնարավոր է, որ Անկարան եւ Բաքուն որոշակիորեն աշխատեն, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը կարողանա վերստին իշխանության լինել ընտրություններում։

Տնտեսական եւ սոցիալական ֆակտորը այս դեպքում չի գործելու այն նույն թափով ինչ նախկինում է գործել։ Մնում է ուրեմն ամենամեծ զենքը, որն ունի Բաքուն այսօր Հայաստանի դեմ՝ ռազմագերիները։ Այսինքն, եթե Բաքուն ուզենա Փաշինյանին նորից տեսնել իշխանության ղեկին, կարող է Հայաստանում բուռն նախընտրական փուլում սկսի գերիների վերադարձ իրականացնել, որով կամրացնի Փաշինյանի դիրքերը ներքին լսարանում, ինչը իր հերթին Նիկոլ Փաշինյանը կօգտագործի՝ քվե շահելու համար։ Սա իրատեսական սցենար է լիովին, սակայն այստեղ կա մի նրբություն՝ ռուսական գործոնը։ Այսինքն, ռուսները ինչ վերաբերմունք կորդեգրեն դրա հանդեպ։

Հնարավոր է, որ ռուսները ամեն դեպքում ձգտեն գերիների վերադարձի հարցում պահպանել իրենց մոնոպոլ դիրքերը, սակայն եթե զիջումներ անեն որոշակի, ապա կարող ենք ասել, որ ռուսների համար Փաշինյանը նույնպես կարող է «ընդունելի խաղային պարտիա» համարվել, հատկապես, որ կատարյալ հպատակությամբ անում է ամեն ինչ, ինչ որ թելադրվում է։