Քըլըչդարօղլուն դատի է տվել Էրդողանին՝ իրեն վա...

Թուրքիայի ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն չորեքշաբթի օրը դատի է տվել գործող նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ նախընտրական հոլովակի համար, որում քաղաքական գործիչը մեղադրվում է երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապերի մեջ: Քըլըչդարօղլուին հասցված բարոյական վնասը գնահատել է 1 մլն թուրքական լիրա (50,2 հազար դոլար)։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ջելյալ Քըլըչը։

«Քըլըչդարօղլուի ցուցումով դատարան հայց է ներկայացվել Էրդողանի դեմ՝ 1 մլն թուրքական լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցման համար՝ իր նախընտրական արշավում մոնտաժված եւ կեղծ տեսանյութ օգտագործելու համար։ Գումարը կուղղվի ահաբեկչության դեմ պայքարում զոհված մեր քաղաքացիների երեխաների կրթությանը»,-ասել է նա։

Էրդողանը եւ Քըլըչդարօղլուն նախագահի պաշտոնի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 28-ին: Մայիսի 14-ին կայացած առաջին ընտրություններում նրանցից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, որոնք անհրաժեշտ էին հաղթելու համար:

Շատ վերլուծաբաններ մեծ են համարում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանի հաղթանակի հավանականությունը։ Այսպես, հասարակական կարծիքի ուսումնասիրման «Օպտիմար» ընկերության ղեկավար Հիլմի Դաշդեմիրը նշել է, որ Թուրքիայի գործող նախագահը մայիսի 28-ին կարող է հավաքել ընտրողների ձայների առնվազն 53-54 տոկոսը: Ընդդիմությունը կոչ է անում մայիսի 14-ի քվեարկությանը չմասնակցած ընտրողներին (իսկ դա մոտ 8 մլն մարդ է) գալ ընտրատեղամասեր՝ հույս ունենալով, որ մասնակցության բարձր մակարդակը կարող է նպաստել Քըլըչդարօղլուի հաղթանակին։