Քրեակատարողականներում կան մարդիկ, որ արտոնյալ...

Քրեակատարողական ծառայության հաստիքները չեն լրացվում, քանի որ ոչ լեգալ փող աշխատելու հնարավորությունները փակվել են, ու այդ աշխատատեղերն այլևս հրապուրիչ չեն։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդ հնարավորություններն ամբողջությամբ չեն փակվել։

«Եվ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում, և այլն, և այդպես շարունակ։ Եվ էս հարցերը լուծված չեն … գիտեք, շատ կարևոր է հասկանալ մի բան, որ պարտադիր չէ՝ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ երկրի վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի և ասի՝ որտեղ ինչ պետք է լինի», – բացատրեց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում կան դատապարտյալներ, որոնց հանձնուքները չեն ստուգվում, և այդ հիմնարկի պետը դեռ պաշտոնավարո՞ւմ է։ Զեյնալյանն ասաց, որ իրեն այդպիսի դեպքեր հայտնի չեն, որևէ մեկն արտոնյալ չէ, որևէ մեկը չկա, որի խուցը չի խուզարկվում ու ստուգվում։

Ապա Փաշինյանն ասաց, որ դատապարտյալներն ունեն հեռախոսներ, որոնց միջոցով հանցագործություններ են կազմակերպում քրեակատարողական հիմնարկներից դուրս։ Զեյնալյանն ասաց, որ այդ ամենը պարբերաբար ստուգվում է, բայց անհրաժեշտ է խլացնող սարքեր տեղադրել ու դրանով լուծել հարցը։