Հոկտեմբերի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան Ցողիկ Ալեքսանյանը և շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի» կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։
ՔԿԾ-ից հայտնում են, որ դասընթացների նպատակը քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար դասընթացավարների պատրաստումն է, և կրելու են շարունակական բնույթ։
Դասընթացները վարել է «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի» փորձագետ Ջոշ Աունստեդը, որը մասնակիցներին ներկայացրել է քրեակատարողական համակարգի միջազգային ստանդարտները, դրանց կիրառման կարգն ու առանձնահատկությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ազատազրկված անձանց պահման պայմանների, սննդի, հիգիենայի պարագաների ապահովման, բուժսպասարկման միջազգային ստանդարտներին։ Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի վարքագծի կանոններին և մասնագիտական վերապատրաստումներին առնչվող հարցեր։ Դասընթացներին ներկա է եղել նաև ոլորտի ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանը։
Վերապատրաստման դասընթացների տեսական մասն ամփոփվել է մասնակիցների գործնական վարժություններով և առաջադրանքներով։