Քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվո...

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողների վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։

Հունվարի 30-ին՝ ժամը 12․30-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվեցին և Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեցին սպանության փորձի և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա և ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երկու տղամարդիկ։

Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը հեռախոսային վեճը շարունակելու նպատակով 33-ամյա հետախուզվողն այցելել էր Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչ մի տղամարդու տուն, որտեղ ինքն ու մեկ այլ անձ բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել տանտիրոջը՝ անզգուշությամբ առաջացնելով նրա մահը:

Իսկ սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը, անցած տարվա դեկտեմբերի 25-ին, դարձյալ հեռախոսային վեճը շարունակելու համար, ժամը 23-ի սահմաններում իր հետ վիճողին հանդիպել է Գյումրիի Մուշ թաղամասում, և ունենալով զենքի գործադրմամբ նրան կյանքից զրկելու նպատակ՝ չորս անգամ կրակել է նրա վրա։

Տուժողը, սակայն, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։

Երկու հետախուզվողն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։