
Թուրքական պետության դեմ 40 տարվա զինված պայքարից հետո այդ երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) հուլիսի 11-ին արարողություն կանցկացնի, որը կնշանավորի զենքերը վայր դնելու խորհրդանշական առաջին քայլը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Զինաթափման գործընթացը կսկսվի Իրաքյան Քրդստանում՝ խիստ անվտանգության պայմաններում, և, ամենայն հավանականությամբ, կտևի ամբողջ ամառ։ Խորհրդանշական արարողության ընթացքում ՔԲԿ-ի փոքրաթիվ մի խումբ զենքերը վայր կդնի և կվերադառնա իր բազա։ Դա տեղի կունենա Սուլեյմանիյա քաղաքում, սակայն հստակ վայրը չի բացահայտվում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է այդ քայլը։
ՔԲԿ-ն իր պայքարը սկսել էր 1984 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել անկախ քրդական պետություն։ Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 40 000 մարդ։
Ավելի վաղ Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին հայտարարել էր ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։