ՔՊ–ն չի հանգստանում, չի մարսում Գյումրիում կա...

Գյումրի քաղաքի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի խմբակցության անդամ Կարեն Բադալյանը մասնակցել է թե՛ Գյումրու քաղաքապետի ընտրության քվեարկությանը, թե՛ քաղաքապետի երդմնակալության արարողությանը՝ քվորում ապահովելով, բայց դրանից մի քանի օր հետո եւ մինչ այժմ մենք չեն կարողանում կապվել նրա հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 6-ին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքից Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ Նա պարզաբանել է, որ չի կարող նշել կոնկրետ պատճառը, թե ինչու է Կարեն Բադալյանը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել։ Միաժամանակ, Գրիգորյանը տեղեկացրել է, որ ամեն ինչ արվել է քաղաքական թիմի ներսում քննարկումների արդյունքում, տարաձայնություններ չեն եղել՝ դա անվանելով բարդ որոշում։ «Երբ ցուցակը կազմվում էր, մենք քննարկել ենք բոլոր հնարավոր սցենարները, որոնք կարող էին առաջանալ ապագայում։ Այդ ժամանակ Կարեն Բադալյանը հավաստիացնում էր, որ հավատարիմ է եւ կկանգնի մինչեւ վերջ, եւ նա քվեարկեց, քվորում ապահովեց ընդդիմությունից քաղաքապետի ընտրության համար»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտարարել էր, որ ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն է ներկայացրել, սակայն երկու օր անց նոր հայտարարություն է ներկայացրել, որտեղ նշել է, որ ցանկանում է մնալ Գյումրու ավագանու անդամ եւ լքել խմբակցությունը։ Տարածքային ընտրական հանձնաժողովը, ստանալով համայնքի ղեկավարից հրաժարականի արձանագրություն, պետք է սահմանված 7-օրյա ժամկետում կազմեր արձանագրություն եւ որոշում կայացներ մանդատը ցուցակի հաջորդ թեկնածուին փոխանցելու մասին, ինչը չի արել։ Ընդդիմադիրները կասկածում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկանում է մանդատը գողանալ «Մեր քաղաքը» դաշինքից։