Երեկ «Առավոտ» օրաթերթը գրեց, որ ձերբակալվել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Այսօր արդեն News.am-ը գրեց, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ այս և այլ գործերի հարուցմանը, որոնց մասին կլսենք առաջիկայում նպաստել է ՔՊ-ում հասունացած «բանվորագյուղացիական» բունտը։ Նիկոլ Փաշինյանի հարյուրավոր աջակիցներ տարբեր առիթներով դժգոհել են, որ ՔՊ վերնախավում բոլորը միլիոններ են կուտակել, իսկ իրենք դեռ 2018 թվականի իրենց սոցիալական վիճակում են։ Դժգոհողները պնդել են, որ կուսակցությունում ձևավորվել է էլիտա, որին արդեն «բանվորագյուղացիական» հատվածը հետաքրքիր չէ։ Փաշինյանին անհնագստացրել են եկող դժգոհությունները ու նա հայտարարել է, որ ինքը չի հովանավորում որևէ մեկին և որևէ մեկին թույլատրված չէ փող աշխատել։ Նա իր «բանվորագյուղացիական» թիմակցիներին առաջարկել է եղած տեղեկությունները փոխանցել իրավապահներին և վստահեցրել, որ պատժվողներ կլինեն։
Ըստ մեր աղբյուրների առաջիկայում նոր քրեական գործեր կլինեն ՔՊ-ականներին առնչվող։ Այս կերպ Փաշինյանը փորձելու է համոզել իր ամենաաղքատ աջակիցներին, որ ինքը շարունակում է իրենցից մեկը լինել։



