
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։
«Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը, և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագծի հիմնական զեկուցող, իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հիմնավորման մեջ հիշատակվում է, որ 2025 թվականի հունիսին իրավապահները բացահայտել են ահաբեկչության փորձ՝ միտված երկրում սահմանադրական կարգի տապալմանը և ՀՀ օրինական իշխանությունների բռնի հեռացմանը։
«Ահաբեկչական խմբավորման անդամները և ղեկավարները ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և նրանց ղեկավարների հետ սերտորեն կապված անձինք են, ովքեր վերջին շրջանում Հայաստանում կազմակերպել են բողոքի ցույցեր, հանդես եկել իշխանափոխության կոչերով՝ երբեմն հնչեցնելով բացահայտ բռնության և ատելության կոչեր ընդդեմ ՀՀ ընտրված իշխանությունների», - նշված է հայտարարության նախագծի հիմնավորման մեջ: