Այսօր, նոյեմբերի 21-ին հրավիրված էր Երևանի ավագանու նիստ։ Օրակարգում ներռաված հարցերի մեծ մասը չզեկուցվող էին ինչը առաջացրել էր ընդդիմադիր խմբակցությունների դժգոհությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները պլանավորում էին բոյկոտել նիստը և չապահովել քվորում, սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» ինչպես սպասելի էր փորձեց իր հարցերը լուծել «աճպարարությամբ»։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու անդամների նիստերի դահլիճ մտնելը արդեն իսկ նշանակում է նրանց գրանցում և փորձեց այդ հիմքով շարունակել նիստը։
Օրենքը, սակայն հստակ սահմանում է, թե որ դեպքում և ինչպես են գրանցվում ավագանու անդամները։ Երևանի ավագանու կանոնակարգի 71-րդ կետի 1 -ին ենթակետը ասում է․«նիստին ներկայացած Ավագանու անդամների գրանցումը կատարվում է նիստը վարողի հայտարարությամբ` էլեկտրոնային համակարգով, տասը վայրկյանի ընթացքում, իսկ համակարգը չգործելու դեպքում` նիստը վարողի կողմից` Քաղաքապետարանի աշխատակազմի օժանդակությամբ»։ Ինչպես տեսնում ենք օրենքը ևս ասում է, որ ավագանու միայն դահլիճ մտնելը չի կարող համարվել գրանցում։
Ավագանու «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները ընդմիջում խնդրեցին և դուրս եկան նիստերի դահլիճից։ Խմբակցությունների պահանջը հստակ էր՝ ավագանու օրակարգում ներառված բոլոր հարցերը պետք է դառնան զեկուցվող։ Ի վերջո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստիպված եղավ տեղի տալ և չզեկուցվող բոլոր հարցերը քվեարկությամբ դարձան զեկուցվող։