«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ընթերցանությունը խթանելու ծրագրեր է ներառել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Ալաշկերտ բնակավայրի դպրոց այցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք նախընտրական ծրագրում ներառել ենք ընթերցանությունը խթանող ծրագրերի իրականացում, այդ թվում՝ ընթերցողների ակումբներ և այլն, որովհետև ակումբում կարդալն ավելի հեշտ է։ Երբ մարդ մենակ է կարդում, դա ուրիշ է, երբ կարդում է և ուրիշների հետ էլ քննարկում է, ինչպես ընդունված է ասել ժամանակակից լեզվով՝ կարդալու դրայվ է առաջանում։ Եվ կարծում եմ, որ ընթերցողների ակումբները դպրոցներում և ոչ միայն դպրոցներում կարող են խթանել ընթերցանությունը».- նշել է վարչապետը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիաներից չափից շատ կախվածությունը մարդկանց մոտ կարող է որոշակի դիմադրություն առաջացնել, և նրանք կարող են ինչ-որ պահի նախընտրել կարդալը, քննարկելը, գուցե, ինչ-որ բան բեմադրելն ու ստեղծագործական տրամաբանության մեջ լինելը։



