ՔՊ-ն «Արարատցմենտին» հիմա չի հիշել, դատախազու...

«Արարատցեմենտ» գործարանի շուրջ տեղի ունեցող գործընթացները կապված չեն առաջիկա ընտրությունների հետ։ Այս մասին մայիսի 21-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Եթե այդ խախտումները հայտնաբերվեին 2018 թվականին, գործընթացը կսկսվեր 2018-ին, եթե 2028-ին՝ ապա 2028-ին։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մենք ապօրինի գույքի հետևից չենք գնալու, ապա վստահեցնում եմ՝ նրանք սխալվում են։ Մենք գնալու ենք, և որևէ օլիգարխի հետ կոմպրոմիս լինել չի կարող», - ասել է նախարարը։

Պապոյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ ապօրինի ձեռք բերված գույքը անցնի պետությանը, դրանից ստացվող հարկային մուտքերը կսկսեն օգտագործվել սոցիալական և այլ ծրագրերի իրականացման համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գործարանը պետականացնելու մտադրության մասին։ Դրանից ընդամենը մի քանի ժամ անց Գլխավոր դատախազությունը հայտնել է գործարանի սեփականաշնորհման գործընթացում խախտումների հայտնաբերման մասին, որը տեղի է ունեցել մոտ քառորդ դար առաջ։ «Արարատցեմենտը» պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով քարոզարշավի ընթացքում հանդես է գալիս իշխանությունների սուր քննադատությամբ։