Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դատապարտում է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենայի հրկիզման դեպքը: Նման գրառում է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։
Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված էր նրա տան բակում։



