ՔՊ ջարդարարների գործը հիմա էլ Արաբկիրի դատախա...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի ջարդարարների վարքը՝ ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու հրապարակային փաստը, ՀՀ դատախազությունը այստեղից այնտեղ է ուղարկում։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական գրություն է ստացել Երեւանի դատախազի տեղակալ Ա. Վարդանյանից: Մասնավորապես, գրության մեջ նշվում է, որ հուլիսին 9-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, Երեւան քաղաքի դատախազությանը վերահասցեագրված դիմումը այս անգամ էլ ուղարկվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հ. Մանանդյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։

Իսկ վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Մանասյանն էլ գրություն է ուղարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Ասել է թե՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը եւ Արաբկիրի ոստիկանությունը ստուգում են ԱԺ դահլիճում ուղիղ եթերով ցուցադրված ՔՊ-ականների ծեծը։

Հարց է առաջանում՝ ինչ ստուգողական գործողություններ են անում կամ անելու, երբ ամեն ինչ ակնհայտ է, կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հաղորդմանը կից ուղարկել է Դատախազություն՝ մնում է անհասկանալի: