ՔՊ անդամները վճարում են 500 հազար, անդամ չհան...

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է թեկնածուների ինքնաառաջադրման  հնարավորության մասին՝ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։  

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ մասին հայտարարություն է տարածել։ 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ․ 

1․ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։

2․ Ինքնաառաջադրումը տեղի է ունենում info@civilcontract.am էլ․ փոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաեւ ՔՊ Վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։

3․ Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

4․ Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ»,- նշված է հայտարարության մեջ։