Հայաստանի ընդդիմությունը առաջարկում է պատերազմ՝ փաթեթավորված տարբեր ձևերով, ՀՀ ընդդիմադիր քաղաքական դաշտն ամեն ինչ անում է, որ Հայաստանի գլխին կախվի պատերազմը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ես պնդում եմ, որ ընդդիմադիր դաշտը ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ն մտնի պատերազմի մեջ ու պատերազմի ընթացքում կորցնի իր որդիների կյանքը, դրանից հետո էլ ստիպված լինի զրկվել իր ամենաթանկից՝ անկախությունից: Մենք՝ ՀՀ իշխանություն լինելով, հայտարարել ենք, որ դադարեցնում ենք Ղարաբաղյան շարժումը, ու այլևս երբեք չենք սկսելու:
Անդրադառնալով Հայաստանի՝ Իրանին ցավակցական խոսք չհայտնելուն` Ալեքսանյանը նշեց, որ ՀՀ իշխանությունը զբաղված է Հայաստանի գործերով, խիստ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցողով, բայց հորդորեց լրագրողներին չփորձել ամբողջ աշխարհում տեղի ունեցողը այնպես ներկայացնել, որ կախված է ՀՀ իշխանության հայտարարություններից:
«ՀՀ Անվտանգության խորհուրդը քննարկում է ամենատարբեր հնարավոր զարգացումների սցենարները, իմ անձնական կարծիքով՝ հիմնական ռիսկերը կարող են լինել տնտեսական:
Անվտանգային առումով՝ ինչպես տեսնում եք, Հայաստանում խաղաղություն է, վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները գնահատում են այդ խաղաղությունը: Սա աննախադեպ դեպք է, մինչ սա մշտապես մեզ մոտ էր զոհեր և պատերազմ, ամբողջ աշխարհում խաղաղություն, իսկ հիմա առաջին անգամն է, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում»:



