ՔՊ-ականները հեռախոսները փոխում են․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը զբաղված են եղել սեփական հեռախոսային չաթերը ջնջելու գործով՝ մտավախություն ունենալով, որ ամեն պահի Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որ իրենց հեռախոսների պարունակություններն էլ վերծանեն ու դնեն ՔՊ վարչության քննարկմանը, ինչպես արեցին Աղազարյանի դեպքում: Ընդ որում, Փաշինյանն անձամբ է կարդացել Աղազարյանի հեռախոսում հայտնաբերած «ինտիմ» զրույցներն ու տեղում պատասխան պահանջել Աղազարյանից, ինչի արդյունքում կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, թե Աղազարյանին հեռացնում ենք «պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ոմանք, լսելով Հովիկին ուղղված մեղադրանքները, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել եւ ավելի շատ «բարոյական նորմեր» են խախտել` մտադիր են անգամ հեռախոսներ փոխել, քանի որ հնարավոր է լինում անգամ ջնջված որոշ խոսակցություններ վերծանել։ Աղազարյանի դեպքում էլ նման լուրեր կան, որ անգամ հեռացված խոսակցություններն են վերականգնել, որ ինչքան հնարավոր է՝ շատ նյութ ունենան` կուսակցությունից հեռացնելու համար:
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 05․ 12․ 24 թ համարում։