
Այդ ամեն ինչը կարելի էր անել ծանուցելով, և ես կարծում եմ՝ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ քննությանը։ Հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար՝ ահաբեկել գյումրեցիներին, նաև մնացած քաղաքական թիմերին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի ձերբակալման ու կալանավորմանը։
Մարտուն Գրիգորյանն անդրադարձվ նաև իր ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նշել էր. «Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների դեմ ի՞նչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Ասողին լսող է պետք»։
Նա նշեց, որ իր հորդորը կոնկրետ ուղղված չէր Վարդան Ղուկասյանին. «Ես սովորություն չունեմ նեղության մեջ, պրոբլեմի մեջ հայտնված մարդուն էլ ավելի ճնշել կամ խնդիրներ առաջացնել։ Խոսքը վերաբերում էր նախընտրական շրջանում իմ հայտարարություններին, որ ասել էի իշխանության քայլերի հետ կապված։ Մյուսը վերաբերում էր հետընտրական շրջանին։ Այն ժամանակ, երբ բոլոր լրագրողները, չակերտավոր բլոգերները, վերլուծաբանները, որոնք ընկած Մանտուն Գրիգորյան էին ման գալիս երկրով մեկ, շտապեցնում էին, ասում էին՝ հայտարարի, մի ուշացրու, տարատեսակ վիրավորանքներով, այդ ընթացքում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր տարբերակներով վերլուծություններ իմ թիմակիցների հետ եւ բոլորին այդ մասին մանրամասն տեղեկացրել եմ։
Հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, բնականաբար, այս ամենը սպասելի էր։ Ես ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, ոչ թե ասում էի՝ Վարդանը չլինի, ես լինեմ, այլ առաջարկում էի տարբերակ, որ հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխվեր։
Այդ մասով խնդիրն այն է, որ հաշվի առնելով քաղաքապետի վրա նախկինում եղած գործերը, նաև իր խառնվածքը, արդյոք այս իրավիճակում այդ խառնվածքով հնարավոր էր քաղաքը պահել և ընդդիմության հավաքական հաղթանակը մինչև վերջ առաջ տանել։
Ես հայտարարել էի, որ ՔՊ–ի հետ համագործակցություն չի լինելու։ Ընտրություններից հետո հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ ՔՊ–ի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը երկուսին էլ մերժելն էր, որը տանելու էր ընտրությունների պրավալին։ Իսկ նոր ընտրությունների պարագայում ես երաշխավորված ասում եմ, որ ՔՊ–ն 50+ հավաքելու էր, քանի որ ընդդիմությունը իր մեջ չէր կարողացել այդ հարցը կարգավորել»,–ասաց նա։
Հարցին, կարծում է, որ Վարդան Ղուկասյանի փոխարեն այլ քաղաքապետի դեպքում քրեական գործ չէ՞ն հարուցի, ի պատասխան ԱԺ պատգամավորն ասաց. «Քրեական գործի խնդիրը չէ։ Չեղած տեղից... տեսնում եք, երեկ ամբողջ օրը ԱԺ ամբիոնն օգտագործում էին հրահրելու արյունահեղություն Գյումրի քաղաքում։ ՔՊ պատգամավորներից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրի քաղաքում։ Առավոտից իրիկուն այդ մարդու խոսույթն դա է։ Այս մարդկանց սիրտն արյուն է ուզում, Փարաքար 2 է ուզում, և այդ ամենն ուզում են, որ լինի Գրիգորյան Մարտունի ու Ղուկասյան Վարդանի ընտանիքների, թիմերի միջև։ Այս պահի դրությամբ փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել։ Բայց այն, որ Գյումրիում սպասվում է այդ սցենարը, և փորձելու են Գյումրիում նման իրավիճակ ստեղծել ու մեզ ներքաշել կրիմինալ վենդետայի ու նման բաների մեջ, հստակ երևում է»։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրություններում քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր մյուս թեկնածուները հայտարարեցին, որ կքվեարկեն քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածության օգտին։
Մարտոււն Գրիգորյանը քվեարկության հաջորդող օրերին լուռ էր, նա հայտարարությամբ հանդես եկավ միայն ապրիլի 3-ին՝ տեղեկացնելով, որ «դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։
Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա»։