
Հանրապետությունում 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կավարտվի մայիսի 10-ին։
«Ինչպես գիտեք, ընդունելության քննությունները 2 փուլով են անցնում։ Դիմորդները կարող են քննություն հանձնել ինչպես հունվար-փետրվար ամսիներին, այնպես էլ հունիսին։ Սա հնարավորություն է տալիս, որ դիմորդները իրենց ուժերը փորձեն տարեսկզբին, ու եթե բացեր ունեն, ապա լրացնեն մինչև հիմնական փուլը։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ դիմորդներն առաջին փուլի ժամանակ ընտրում են միայն քննական առարկան, իսկ երկրորդ փուլի ժամանակ պարտադիր պետք է նշեն բուհը և մասնագիտությունը:
Եթե դիմորդը 2-րդ փուլում չնշեց բուհն ու մասնագիտությունը, ապա նա դուրս կմնա։ Այսինքն՝ նույնիսկ եթե ունենա բարձր գնահատականներ, միևնույն է բուհ ու մասնագիտություն չընտրելու պարագայում չի կարող մասնակցել մրցույթին։ Ցավոք, մենք նախորդ տարի նման դեպքեր ունեցել ենք։ Դիմորդը բարձր գնահատականներ ուներ ու գիտեր, թե վերջ, էլ անելիք չունի, հետևաբար չէր նշել ոչ բուհը, ոչ մասնագիտությունը ու դուրս էր մնացել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: