
Քննչական կոմիտեն քննությամբ պարզել է օրերս համացանցում հրապարակված կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը, որը վերագրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
«Ակնհայտ էր, որ այդ ձայնագրությունը կեղծված է։ Նպատակը մենք կպարզենք, բայց իմ կարծիքով այդ ձայնագրության հիմնական նպատակը պետական ինստիտուտների հեղինակազրկումն էր, մեր գործողությունները կասկածի տակ դնելը և այլ լույսի ներքո ներկայացնելը։ Այդ փաստի վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ համակարգչային կեղծիք կատարելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեում կա համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում, որը զբաղվում է նման հանցագործությունները բացահայտելով։ Արդեն իսկ քննությամբ ձեռք ենք բերել որոշակի տվյալներ, պարզել ենք սկզբնաղբյուրը, և առաջիկայում Քննչական կոմիտեն այդ մասով նույնպես պաշտոնական հրապարակմամբ հանդես կգա»,- նշել է Պողոսյանը։
Ավելի վաղ համացանցում կեղծ ձայնագրություն էր շրջանառվում, որում իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարներին կոչ է անում տարբերակներ գտնել և ձերբակալել ընդդիմության առաջնորդներին։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այդ ձայնագրության տարածումից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն կեղծ է, իսկ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ։