Երեկ՝ փետրվարի 12-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել կարապետյանի ուղերձը հրապարակվեց արհեստական բանականության օգնությամբ պատրաստված հոլովակով, քանի որ բարերարը գտնվում է տնային կալանքի տակ։
Սամվել կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր։ Վարդևանյանը ընդգծել է, որ նշված հարցի վերաբերյալ դիմում-հարցում է ներկայացվել թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռվեր, որ Սամվել Կարապետյանը հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գար։ «Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ էության, համարժեք էր մերժմանը, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել»,- ասել էր փաստաբան Վարդևանյանը և հավելել․ «Կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին՝ հանդես գալ տեսաուղերձով»։
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ը դիմել է Քննչական կոմիտեին, որտեղից, ըստ կայքի, հերքել են, թե քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար: Պատասխանել են․ «Ի պատասխան Քննչական կոմիտե ստացված Սամվել Կարապետյանի պաշտպանի դիմումի, որով վերջինս խնդրել է պարզաբանել՝ արդյոք դատարանի որոշմամբ թույլատրվա՞ծ է իր պաշտպանյալին հանդես գալու հրապարակային խոսքով, մասնավորապես՝ տեսաուղերձով, նախաքննական մարմինը գրավոր պարզաբանում է ներկայացրել առ այն, որ դատական ակտը մեկնաբանելու լիազորություն չունի»։
Yerevan.Today-ը դիմեց Արամ Վարդևանյանին՝ թեմայի շուրջ մեկնաբանության և եղելությունը ներկայացնելու համար։ Փաստաբանի մեկնաբանությունը՝ ձայնագրությամբ և սղագրությամբ, ներկայացնում ենք ստորև։
«Եկեք արձագանքեմ՝ նախ նշելով, որ իսկապես ինչ-որ տեղ բնավ զարմանալի չէ, որ հենց «Հայկական ժամանակ» օրաթերթն է պարզաբանում տարածում նշված հարցի վերաբերյալ և հենց առաջին աղբյուր հանդես գալիս: Հիշեցման կարգով նշեմ, որ հենց «Հայկական ժամանակ» օրաթերթն էր, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, երբ դեռևս քննության առարկա էր հանդիսանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու, թե չերկարաձգելու հարցը, մենք էլ գտնվում էինք դատական նիստում, հրապարակում էր արել, որ արդեն իսկ կալանքը երկու ամսով երկարաձգվել է:
Սա հիշեցման կարգով և իսկապես հետաքրքիր է, որ կրկին «Հայկական ժամանակ» օրաթերթը Սամվել Կարապետյանի վերաբերյալ «բացառիկ» հրապարակում է կատարում:
Իսկ այժմ անդրադառնալով բովանդակությանը՝ խնդրում եմ ցանկացած անաչառ դիտորդի ներկայացրեք այս պատասխանը, որից ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն հենց մերժել է:
Պատկերացրեք՝ իմ կողմից պարզապես նման գործելավոճ առկա չէ, թե չէ ինքս կհրապարակեի իմ կողմից ներկայացված դիմում հարցումը և դրա վերաբերյալ պատասխանը:
Քննչական կոմիտեին դիմում հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի գործով որպես վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան՝ ստանում ենք դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող: Արդյո՞ք դա հենց նույն մերժումը չէ:
Եթե լեզվական կամ տերմինաբանական մեկնաբանման կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժումն է: Ի՞նչն է հետաքրքիր, ես ուղղակի չէի ցանկանում իսկապես նման մանրամասների անդրադառնալ, բայց պատկերացրեք՝ սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման կամ խախտման հանգամանքները գնահատում է Քննչական կոմիտեն: Այսինքն, քննչական կոմիտեն, երբ հղում է տալիս այն իբրև մեկնաբանմանը, որ դատական ակտեր չի կարող մեկնաբանել, սա կիսաճշմարտություն ներկայացնելու դասական օրինակն է, չէ՞ որ եթե ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա գնահատման հասցեատերը լինելու էր հենց քննչական կոմիտեն:
Եվ ես կրկին պնդում եմ, որ նման պատասխանի դեպքում, այսինքն Քննչական կոմիտեն ոչ թե արձանագրել է, որ նման խնդիր արձանագրելու լիազորություն չունի կամ նման վարքագծի դեպքում խախտում արձանագրելու լիազորություն չունի, այլ պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման, քանի որ իմ կողմից ներկայացված հարցմանը պարզապես պետք էր պատասխանել այո կամ ոչ։ Բայց մյուս կողմից, որպես դրականը նշեմ, հենց նույն հրապարակման մեջ «Հայկական ժամանակի» այն պարզաբանումը, որը տվել է Քննչական կոմիտեն, ակնհայտ է, որ վերջիններս որոշակի իմաստով ընդունում են, որ մերժել են:
Ի դեպ, կխնդրեի նաև հնարավորության դեպքում, որ «Հայկական ժամանակը» նաև դատախազությունից ևս ստանար դիրքորոշումը, քանի որ մինչ օրս ես ինքս չեմ ստացել, իսկ քրեական դատավարության օրենսգրքի տեսանկյունից սահմանված ժամկետներում պատասխան չտալը կրկին համարժեք է մերժմանը»։



