
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արթուր Պողոսյանը շնորհավորել է ապագա քննիչներին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս նշանակումները շոշափելիորեն կթեթևացնեն գործող քննիչների ծանրաբեռնվածությունը և անխուսափելիորեն կհանգեցնեն բազմաթիվ քրեական վարույթների ընթացքի հանգուցալուծմանը:
Արթուր Պողոսյանը նշել է, որ քննիչները պետք է գիտակցեն պաշտոնի ամբողջ պատասխանատվությունը և ամենօրյա աշխատանքով նպաստեն կառույցի հեղինակության բարձրացմանն ու վստահության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև քննիչների վարքագծի կանոնները խստորեն պահպանելու, աշխատանքային հարաբերություններից դուրս շփումներում քննիչի հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ հարգալից լինելու անհրաժեշտությանը՝ անկախ նրանց դատավարական կարգավիճակից:
«Պետք է ամեն օր աշխատեք մասնագիտական կարողությունների բարձրացման ուղղությամբ, կայանաք որպես քննիչ՝ գիտակցելով աշխատանքի ողջ պատասխանատվությունը: Ի դեմս ձեզ՝ տեսնում եմ քննչական ստորաբաժանումների ապագա ղեկավարների»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահը:
Արթուր Պողոսյանը հատուկ ընդգծել է կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորումների դեմ անհանդուրժողականության կարևորությունը: