Քննարկվել են ուզբեկա-ամերիկյան համագործակցութ...

Ուզբեկստանի և ԱՄՆ-ի նախագահներ Շավքաթ Միրզիյոևը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուզբեկա-ամերիկյան համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Կողմերը մանրամասնորեն քննարկել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հետագա ուղղությունները։

Նշվում է, որ ըստ ուզբեկական ԶԼՄ-ների՝ Միրզիյոևը բարձր է գնահատել ընթացիկ տարում ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառում Թրամփի նվաճումները՝ ընդգծելով նրա ջանքերը սուր միջազգային ճգնաժամերի ու հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են երկկողմ քաղաքական շփումների և փոխանակումների աճող ինտենսիվությունը, ամենից առաջ՝ ղեկավարների մակարդակով, ինչը, կողմերի գնահատմամբ, նոր փուլ է բացել ռազմավարական գործընկերության զարգացման գործում և այն հագեցրել գործնական բովանդակությամբ։

ԶԼՄ-ները հիշեցրել են տասնյակ միլիարդավոր դոլարի համատեղ նախագծերի իրականացման մասին քաղաքացիական ավիացիայի, ավտոմոբիլաշինության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև տեղեկատվական- հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում։ 

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին։

Հեռախոսազրույցի ավարտին նախագահները հաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել ակտիվ շփումներն ամենաբարձր մակարդակով և պայմանավորվել են համատեղ նախաձեռնություններն ու գործնական համագործակցության ծրագրերն առաջ մղելու շուրջ։ Ուզբեկստանի ղեկավարն ԱՄՆ նախագահին հրավիրել է այցելել երկիր։