Քննարկվել են ջրային ոլորտում իրականացվող հանր...

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հանդիպել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Անժելա Կժդրյանի հետ։

Ինչպես տեղեկացնում է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում իրականացվող պետական քաղաքականության շրջանակում կրթական, գիտական և հանրային իրազեկման բաղադրիչների զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր։

Անդրադարձ է կատարվել՝

  • բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտահետազոտական կառույցների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ ոլորտում կիրառական գիտելիքի ներդրմանը,
  • ջրային ոլորտում մասնագետների պակասի լրջագույն խնդրին,
  • ջրի նկատմամբ պատասխանատու և խնայող վերաբերմունքի ձևավորմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը,
  • էկոկրթական դասընթացների առավել թիրախային մշակման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով Հայաստանի տարբեր տարածաշրջանների աշխարհագրական և ջրային առանձնահատկությունները,
  • տեղական բուհերից մեկում աշխարհի հեղինակավոր բուհերից մեկի ոլորտային կրթական ծրագրի ներդրմանը՝ պիլոտային կարգով։

ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվել է նաև ՀՀ շուրջ 40 բնակավայրերի դպրոցներում ջրի հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն։ Ջրային կոմիտեի նախագահը պատրաստակամություն է հայտնել «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» և «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագրերի շրջանակում համակողմանիորեն ուսումնասիրել բարձրացված խնդիրները՝ դիտարկելով դրանց հնարավոր լուծման ուղիները։

Առաջարկվել է ձևավորել աշխատանքային խումբ՝ հետագա քննարկումների և ծրագրերի իրականացման նպատակով։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել համագործակցությունը՝ միտված համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև կրթության և ջրային քաղաքականության միջև կայուն կապերի ձևավորմանը։