
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ու նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բարեփոխումները:
Նշվել է, որ համաձայնագրով նախատեսված հրահանգներին համահունչ մշակվել են «Էլեկտրական էներգետիկայի մասին» և «Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության մասին» օրենքների նախագծերը, որոնք ոլորտային գերատեսչությունների հետ խորհրդակցությունների և կարծիքների հավաքագրման փուլում են: Նախատեսվում է օրենքների նախագծերը պաշտոնապես շրջանառել մինչև տարեվերջ:
Անդրադարձ է եղել տրանսպորտի բլոկում իրականացված և իրականացվող քայլերին, որոնք վերաբերել են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը, ընդհանուր օգտագործման ճանապարհների պահպանմանը և անվտանգության բարձրացմանը, վտանգավոր բեռների փոխադրման կանոնակարգմանը, վտանգավոր բեռների փոխադրումն իրականացնող վարորդներին ու կազմակերպություններին ներկայացվող պահանջներին ու մյուս դիրեկտիվների համապատասխանեցման գործընթացներին:
Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է ԵՄ անդամ երկրների հետ ըստ ոլորտների ուղիղ համագործակցության արդյունավետ ձևաչափեր գտնելու կարևորությունը, ինչպես նաև կիրարկման գործընթացում ծագած խնդիրները հասցեական, արդյունավետ և ժամանակին համակարգելու անհրաժեշտությունը: Քննարկման մասնակիցները կարևորել են ԵՄ փորձագիտական ու տեխնիկական աջակցության արդյունավետ օգտագործումը, աջակցության մեխանիզմների լավարկման հնարավորությունները: